Առայժմ մենք բովանդակային որոշումներ չենք կայացրել՝ երրորդ երկրների կողմից Միության անդամների վրա գործադրվող տնտեսական ճնշմանն արձագանքելու միասնական պատասխանատու միջոցների ընդունման  մեխանիզմ մշակելու ուղղությամբ։ Առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել արդյունավետ արձագանքման մեխանիզմ ստեղծելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

«ԵԱՏՄ-ում  պահանջվում է փոխգործակցության նոր ձևաչափերի գործարկում։ Չորս հիմնարար ազատությունների ապահովումից մենք արդեն ստացել ենք հիմնական օգուտները»,- շեշտել է նա։

Նրա խոսքով, առկա մարտահրավերների և արագ փոփոխվող իրադրության  պայմաններում իսկապես անհրաժեշտ է հստակորեն սահմանել ԵԱՏՄ հետագա զարգացման վեկտորները։

«Ուստի, բելառուսական կողմը աջակցում է ԵԱՏՄ միջնաժամկետ զարգացման ուղղությամբ աշխատանքներ սկսելու նախաձեռնությանը»,- ասել է Ռոման Գոլովչենկոն, տեղեկացնում է Belta-ն։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռազմավարական նոր փաստաթղթերի ընդունումը ոչ մի կերպ չպետք է թուլացնի եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարությունը մինչև 2025 թվականը կյանքի կոչելու ջանքերը։ «Դեռ 2,5 տարի կա, և մենք չենք կարող թույլ տալ, որ չկատարված միջոցառումները տեղափոխվեն հաջորդ փաստաթուղթ։ Բելառուսական կողմը հավատարիմ է այն սկզբունքային դիրքորոշմանը, որ 2025 թվականի ռազմավարությունը պետք է ամբողջությամբ իրականացվի»,- եզրափակել է վարչապետը։