Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը եւ  սեփական  դարպաս խփած  գոլը ծածկեցին Իռլանդիայի բոլոր խնդիրները: Այս մասին գրում է  The Irish Times թերթը` նշելով, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վրադան Մինասյանը  հստակորեն հետեւել էր  Ռուսաստանի եւ Ուրուգվայի հետ Իռլանդիայի խաղերին:

«Մարտավարությունը կգործի, եթե թիմում կա մեկը, ով գիտի ինչպես շարժվել դաշտում: Յուրա Մովսիսյանը հենց դա էլ արեց: Հայաստանը խաղի հստակ պատկեր ուներ, իսկ մենք դա չունեիք»,-գրում է  մարզական  վերլուծաբան Փեթ Ֆենլոնը:

Նա նշում է, որ Իռլանդիայի հավաքականի խաղը պետք է փոխվեր այն բանից հետո, երբ Բերեզովսկին «անիրավացիորեն հեռացվեց դաշտից»: «Մեր տրիբունայից թվաց, թե գնդակը դիպավ նւրա կրծիքն, կամ լավագույն դեպքում` ուսին: Շնորհակալություն, միստր Գոնսալես»,-խոստովանել է նա:

 «Սեփական դարպասին խփած գոլը, անկասկած, հարված էր երիտասարդ հայկական հավաքականի համար, նկատելի էր, թե ինչպես է վստահությունն աստիճանաբար լքում նրանց: Սակայն երկրորդ խաղակեսին նրանց խփած գոլը ստիպեց Իռլանդիային մտորել»,-գրել է մեկնաբանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հոկտեմբերի  11-ին Հայաստանի հավքականը չկարողացավ հաղթել Իռլանդիայի թիմին եւ դուրս գալ փլեյ օֆֆ:

Իսպանացի Իտուրալդե Գոնսալերի չափազանց վիճարկելի մրցավարության պայմաններում Հայաստանի հավաքականն առաջադրանքը կատարել չկարողացավ: Արդեն 27-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Մրցավարը համարեց, որ տուգանային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել Ռոման Բերեզովսկին: Նա վերջին հույսի խախտման համար ստացավ կարմիր քարտ եւ հեռացվեց: Էդգար Մալաքյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ ու անփորձ ֆուտբոլիստ Արսեն Պետրոսյանը:

Առաջին խաղակեսի վերջում, 43-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը, փորձելով գնդակը դուրս բերել անկյունային, դարձավ ինքնագոլի հեղինակ:

60-րդ րոպեին Էյդեն Մաքգիդիի փոխանցումից հետո Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Դարպասապահ Արսեն Պետրոսյանը սխալվեց` չկարողանալով կասեցնել փոխանցումը:

Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը` 2:1:

Սակայն փոխել հաշիվը Հայաստանի հավաքականը չկարողացավ: