Իռլանդիան փլեյ օֆֆ է դուրս եկել պակաս թվաքանակով խաղացող հայերի հաշվին: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը` նշելով, որ «դեռեւս պետք է պարզել` Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան կառաջարկի՞ արդյոք հայերին նորից խաղալ. նմանատիպ խնդրանքը երկու տարի առաջ մերժվել էր Ֆրանսիայի ֆեդերացիայի կողմից, երբ իռլանդացիները պարտվել էին աշխարհի առաջնության փլեյ օֆֆի խաղերում»:
Հոդվածի հեղինակի կարծիքով` Իռլանդիայի հաղթանակի հարցում վճռական պահը Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հեռացումն էր դաշտից:
Հիշեցնենք, որ խաղի 27-րդ րոպեին Ռոման Բերեզովսկին հեռացվել էր` տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի պատճառով: Էդգար Մալաքյանի փոխարեն խաղադաշտ էր մտել դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Որոշ մասնագետների կարծիքով` դատավոր Գոնսալեսը ճիշտ չէր. գնդակը դիպել էր ոչ թե դարպասապահի ձեռքին, այլ` կրծքին:




























