RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Մերձմոսկովյան մարզում իր տան մոտ երկու անօդաչու թռչող սարք է ընկել։ Այդ մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին։ Առաջին անօդաչու թռչող սարքը խոցվել է օգոստոսի 21-ին։
«Մեր տան մոտ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ անօդաչու թռչող սարք է կործանվել։ Բարձրաձայն է ընկնում, ուզում եմ ձեզ ասել։ Հազիվ կարողանում ես քնել, մեկ էլ ժամը երեք անց կես արթնանում ես»,- ասել է տիկին Սիմոնյանը։
Առաջին անգամ «հարևան փողոցում» անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր օգոստոսի 21-ին։ Այդ օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իստրայի շրջանում անօդաչու թռչող սարք է խոցվել։ Մոսկվայի շրջանի այս հատվածում մեկ այլ անօդաչու թռչող սարքի խոցման մասին օգոստոսի 26-ին տեղեկացրել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է «Կոմերսանտը»։
Ըստ Սիմոնյանի, նրանք, ովքեր այդ անօդաչու թռչող սարքերն արձակում են, այդ թվում՝ Մոսկվա-Սիթիի վրա, «տիպիկ ստեղծագործական ձեռագիր» ունեն։
Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ ռուսները չեն կարող հարց չտալ, թե ինչպես կարող են անօդաչու թռչող սարքերն այդքան հեռու թռչել Ուկրաինայից։ Նրա խոսքով, զինվորականներն իրեն ասել են, որ հակաօդային պաշտպանությունը նախատեսված չէ այնպիսի փոքր օբյեկտների համար, ինչպիսիք են անօդաչու սարքերը, այլապես այն կարձագանքի նաև թռչուններին։ «Այնուամենայնիվ, դրանք ինչ-որ կերպ համապատասխանեցվում են: Այս շաբաթ հայտարարվեց, որ ստեղծվել է հակադրոնային ինչ-որ լազերային զենք։ Մենք կարողանում ենք ձգվել, նույնիսկ եթե ինչ-որ բան բաց ենք թողել», - ավելացրել է նա:




























