Հայաստանում այս տարվա 8 ամիսների ընթացքում շեշտակի ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահվան դեպքերի թիվը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ՆԳՆ-ի տրամադրած վիճակագրական տվյալները։
Մասնավորապես 2023թ․ հունվարի 1-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2774 պատահար, ինչը 282-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արձանագրված պատահարների հետևանքով զոհվել է 220 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 46-ով ավելի է։ Նշենք, որ վիճակագրության մեջ ներառված է նաև օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհերի թիվը, որը օգոստոսի 15-ի դրությամբ եղել է 11 (ավելի ուշ ուղևորներից ևս մեկը մահացել է հիվանդանոցում)։
Շեշտակի աճել է նաև ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների թիվը․ հաշվետու ժամանակահատվածում վիրավորում է ստացել 3946 մարդ՝ 370-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։
Նշենք, որ 2022 թվականին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում, ինչը իշխանությունները պայմանավորում էին նաև Պարեկային ոստիկանության ներդրմամբ։ 2023թ․ հունվարի 26-ի կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով ավտովթարների թվի նվազեցմանը, Նիկոլ Փաշինյանն այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցներից էր համարել նաև Պարեկային ոստիկանության ներդրումը: «Մենք տեսնում ենք, որ այս նվազումների վիճակագրության մեջ ամենամեծ տեղն ունի Երևանը՝ մայրաքաղաքը, և սա պատահական չէ. առաջինը Երևանում է գործարկվել պարեկային ոստիկանությունը»,-նշել էր գործադիրի ղեկավարը։
Եթե մինչև տարեվերջ ավտոպատահարների, դրա հետևանքով զոհերի և վիրավորների թվի աճի միտումը պահպանվի, կարելի է փաստել, որ Պարեկային ծառայության ներդրումն իրականում փուչիկի էֆեկտ ունի և ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ, ձախողվել է։





























