«Իսկ դելֆիններն այդքան կդիմանա՞ն»,- այսօր` հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, երբ վերջինս ներկայացնում էր «Դելֆինարիում-Նեմո» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հարցը: Մասնավորապես` առաջարկվում է Երեւանի դելֆինարիումում ներկայացումներ տվող դելֆինների նկատմամբ «ժամանակավոր ներմուծման» ռեժիմը, որի ժամկետն ավարտվում է նոյեմբերին, երկարացնել եւս 3 տարով: «Հավանաբար դելֆիններին կփոխեն»,- էկոնոմիկայի նախարարի խուսափողական պատասխանին արձագանքեց Տ. Սարգսյանը:
Նշենք, որ դելֆիններն ապրում են մոտ 30 տարի: Սակայն անազատության մեջ գտնվող դելֆինների կյանքն ավելի կարճ է, հետեւյալ պատճառներով. սահմանափակ տարածություն, իր տեսակի հետ շփվելու անհնարինություն, պահպանման անբավարար պայմաններ եւ այլն: Դելֆինները կարող են վաղաժամկետ մահանալ նաեւ դելֆինարիումի ջրի որակի պատճառով, քանի որ վատ են տանում քլորի ավելցուկը: Բացի այդ` անազատության մեջ դելֆինները սերունդ չեն ունենում: Այս պատճառներով Անգլիայում, հասարակության ճնշման ներքո, փակել են բոլոր դելֆինարիումները:
Հայաստանում դելֆինարիում է բացվել 2010 թ.: Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Դելֆինարիում-Նեմո»-ն դիմել է կառավարությանը` խնդրելով երկարաձգել ժամանակավոր ներմուծման ռեժիմը:




























