Երեւանում սա առաջին տարին է, որ քաղաքապետարանը 15 կմ կոյուղի է սարքում, այդպիսի տարի նախկինում չի եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Աջփնյակում քարոզարշավի ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
Հարցին, թե ինչու նախկինում չի արվել, գուե կառավարությունը գումար չի տրամադրել, Ավինյանը պտասխանեց. «Չգիտեմ, լավ չեն աշխատել: Կառավարությունը ոչ բոլոր ծրագրերի հետ է կապված: Նախկինում եղել է ժամանակ, երբ քաղաքապետարանն իր իսկ բյուջեն չի կարողացել ծախսել, 60 տոկոս կատարողական է ունեցել: Ուղղակի կառավարման հմտություններ չեն եղել»:
Անդրադառնալով նրան, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ իր պայքարի շնորհիվ են ձեռք բերվել ՄԱՆ ավտոբուսները, Ավինյանն ասաց. «Եթե ոմանց լսենք, հեղափոխությունն էլ են իրենք արել, իրենց լինի, ինչ արել են՝ ապրեն, իրենք են արել, թող իրենց մնա»:
Ինչ վերաբերում է Մարությանի հայտարարությանը, թե կառավարությունը շատ ծրագրերի չի աջակցել, որ իրականացվեն, ՔՊ-ական թեկնածուն ասաց. «Ես էլ այդքան հեշտ մարդ չեմ եւ միշտ չէ, որ իմ գործընկերների հետ կարողանում ենք լեզու գտնել: Կան հարցեր, որ շատ երկար վիճում ենք, շատ սուր ենք վիճում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ երբեւէ չի լինում, որ դրանից աշխատանքը տուժի, որ Երեւանցին տուժի այդ վեճերի արդյունքում: Հակառակը: Այո, երբեմն կարելի է ունենալ նաեւ կոնֆլիկտներ, բայց ամենակարեւոր բանն է, որ այդ բոլոր շղթաները՝ համատիրություն, քաղաքապետարան, վարչական շրջաններ, նախարարություններ, կառավարություն, աշխատացնել մեկ ընդհանուր նպատակի համար: Այո, կարելի է կռվել բոլորի հետ, թքել, դուռը շրխկացնել եւ դուրս գալ եւ բոլոր ծրագրերը գցել ջրհորը ու դրանով ավարտել: Հետո ասել՝ սա էր մեղավոր, սա լավը չէ, վատն էր, սա սեւ էր, սա սպիտակ էր, բայց էլի սեւ էր: Դրանից ոչինչ չի փոխվում, միայն գործն է տուժում»:





























