Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
Ողջունելով հյուրին նախագահը նշել է.
«Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ Հայաստանի անկախացումից հետո մենք շարունակելով այդ ավանդույթը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հնդկաստանի հետ, ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգացում ունենան:
Անցած տարում մենք նշեցինք մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ հիմա էլ մենք շարունակում ենք նոր հնարավորություններ գտնել մեր հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար եւ այս առումով եւս Ձեր այցը կարեւոր նշանակություն ունի»:
Գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա սերտ համագործակցության հետագա զարգացման ուղղություններն ու ոլորտները:
Շեշտվել է բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, պաշտպանական եւ այլ բնագավառներում առկա փոխգործակցության մեծ ներուժի իրականացման կարեւորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին ինչի կապակցությամբ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է կայուն եւ հարատեւ խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ եւ շարժվում է այդ ուղղությամբ:





























