Պաշտպանության նախարարությունում այսօր՝ օգոստոսի 31-ին, 17:00-ին, նախարար Սուրեն Պապիկյանի եւ Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողների միջեւ նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Ասացին իբր թե շփոթմունք է եղել, հանդիպումն ի սկզբանե վաղն է նախատեսված եղել, բայց իրենք սխալմամբ այսօր են հայտնել։ Մենք, հավանաբար, չսպասենք վաղվան եւ այսօր գնանք նախարարություն»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ երեկ անհետ կորածների ծնողների հետ է հանդիպել ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, սակայն ծնողները պահանջել են հանդիպում Պապիկյանի հետ:

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը: