Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի դրվագ պատմեց իր մարզային այցելություններից: Ագարակ գյուղում մի երիտասարդ Փաշինյանին բողոքել է, թե իրեն նպաստից զրկել են: Վարչապետն էլ արձագանքել է. «Ասում եմ՝ եղբա՛յր, գործունակ ես, առողջ ես, ինչի՞ պիտի պետությունը քեզ նպաստ տա: Դու ի վիճակի ես աշխատել: Ասել, որ Հայաստանում աշխատելու տեղ չկա, այսօր արդեն այդ թեման հրատապ չէ: 2018-ին մեզ ասում էին՝ դե, աշխատելու տեղ տվեք, աշխատենք, հիմա հրատապ չէ»:
Այս համատեքստում Փաշինյանը նաև նկատեց, որ միաժամանակ կան քաղաքացիներ, որոնք 500 հազար դրամ վարկ են փակում, բայց պետությունից 30-35 հազար դրամ նպաստ են ստանում:
«Այս ուղղությամբ աշխատանք արվել է, բայց դա չի ավարտվել: Հանկարծ չմտածենք, թե խնդիրը լուծել ենք: Այդ պրոբլեմը կա»,- ասաց նա և հավելեց, որ անապահովության գնահատման համակարգը պետք է գործի թվայնացման և արհեստական ինտելեկտի հիման վրա, որպեսզի անաչառ լինի:





























