Ցնցումների ժամանակներն անցել են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը, մեկնաբանելով Հայաստանում հնարավոր ներքաղաքական գործընթացները` սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն հնարավոր վերադարձի խնդրին անդրադառնալով, պատգամավորը կարծիք է հայտնել, որ դա նրա սահմանադրական իրավունքն է, որպես երկրի քաղաքացի: «Եթե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10 տարվա լռությունից հետո վերադարձել է քաղաքականություն, ինչո՞ւ Քոչարյանն էլ չվերադառնա»,-նկատել է նա:

ՀՀԿ-ական պատգամավորը Քոչարյանի վերադարձի շանսերն ավելի բարձր է գնահատում, քան առաջին նախագահինը: Միաժամանակ, նա քննադատել է ընդդիմադիր ՀԱԿ-ի ռազմավարությունը: Հ. Հարությունյանի կարծիքով,տեսությամբ, այսինքն հանրահավաքներով ու տարբեր ակցիաներով շատ բանի չես հասնի:

«Հաղթում է այն քաղաքական ուժը, որն իր ջանքերն ուողղում է պրակտիկ խնդիրների լուծմանը, շտաբների ստեղծմանը, քարոզչությանը եւ այլն»,- վստահ է պատգամավորը: Նրա խոսքով, եթե ընդհանրապես, ընդդիմության գործողություններին բնորոշ է ձնագնդի էֆեկտը, ապա հիմա հայ իրականության մեջ ընդդիմության վիճակը ավելի շատ հիշեցնում է ձյան հալոցք:

Համլետ Հարությունյանը կարծում է, որ որոշ կուսակցություններ լավ են պատրաստվում ընտրություններին, մյուսները` վատ: Առաջինների շարքում նա նշեց ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՕԵԿ-ին, «Ժառանգությանը» Դաշնակցությանը:

Երկրորդ խմբի կուսակցություններին պատգամավորը հրաժարվեց թվարկել, ասելով, որ իր կանխատեսումներով, 10 տարի անց Հայաստանում կլինեն 2-3 կուսակցություններ:

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից արմատական կոչերով վարկանիշ բարձրացնելու հնարավորությանը, Հարությունյանը նշել է, որ Հայաստանում արմատականությունը արժեք չունի, որի պատճառը ազգային մենթալիտետն է: