Հայաստանում շինարարական ընկերության տնօրենները դժգոհում են, որ մասնագետների՝ շինարարների, եռակցողների, պատշարների կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իր հանդիպումը:
Նրա խոսքով, պարզվել է, որ Գորիսում շինարարական աշխատաները ժամկետում չեն կատարվում, որովհետև մատակարարողը չի հասցնում քար տեղափոխել։ Փաշինյանը հայտնեց, որ հիմա Իրանից են Գորիս քար ներկրում, որ շինաշխատանքները կատարեն։
Կառավարության ղեկավարն այնուհետև շարունակեց պատմել շինարարական ընկերությունների ղեկավարների հետ խոսակցությունները։
«Շինարարական ընկերության տնօրենը վրդովված ասում էր՝ ինձ մեղադրում են, որ շինաշխատանքները ժամանակին չեմ կատարում, բայց 6-րդ կարգի եռակցող մատների վրա կարելի է հաշվել Հայաստանում: Նաեւ ասում է՝ կարևոր հանգույցների եռակցումը ես ուրիշ մարդու չեմ կարող վստահել, դրա համար այդ եռակցողը գնում մի տեղ է աշխատում, հետո գնում է այլ հատվածում աշխատում, դրանից հետո՝ մեկ ուրիշ տեղ։ Ուր գնում ենք, մեզ ասում են՝ եռակցողի, խառատի կարիք ունեն»,- փոխանցեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ երկրում առկա տնտեսական պոտենցիալը կիրացվի, թե՝ չի իրացվի, կախված է նրանից, թե 6-րդ կարգի քանի եռակցող կա հանրապետությունում։





























