Հայաստանի Կենտրոնական բանկի որեւէ ծախս, կամ որեւէ կապիտալ ներդրում չի ֆինանսավորվում պետական բյուջեից: Հոկտեմբերի 13-ին, նման հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Ավելին, կենտրոնական բանկում գտնվող կառավարության միջոցների դիմաց կենտրոնական բանկը պետական բյուջե է փոխանցում տոկոսագումարներ: Այս պահին, օրինակ, երբ դրամն արժեզրկված է հիմնական արժույթների նկատմամբ, ԿԲ ֆինանսական արդյունքներում գրանցվել է մոտ 13 մլրդ դրամ օգուտ: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԲ կապիտալ ներդրումներին, ապա դրանց մեջ ներառված են նաեւ Դիլիջանում կառուցվող ԿԲ աշխատակիցների կացարանները, որոնց արժեքն ամբողջությամբ փոխհատուցվելու է դրանք ձեռք բերող ԿԲ աշխատակիցների կողմից»:
Նշենք, որ սույն հայտարարությունը տարածվել է մամուլում տեղ գտած հրապարկումներին ի պատասխան:
Միեւնույն ժամանակ նշենք, որ Կենտրոնական բանկի ծախսերի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է հետեւյալը. «Նկատի ունենալով Կենտրոնական բանկի վերջին տարիների գործունեության տարեկան արդյունքներով ստացված փաստացի, ինչպես նաեւ առաջիկա տարիների արդյունքներով Բանկի կողմից ակնկալվող վնասը, նպատակահարմար ենք գտնում առաջարկել Բանկին մեկ անգամ եւս քննարկել Բանկի 2012 թվականի առաջարկվող ծախսերը, դրանց ծավալը հնարավորինս կրճատելու նկատառումով»:




























