«Գրավում ենք Ուոլլ սթրիթը» գործողության ակտիվիստները չեն ենթարկվի Նյու Յորքի իշխանություններին եւ չեն ազատի Ստորին Մանհեթենում գտնվող Զուկոտի զբոսայգում տեղակայած շտաբը: Այդ մասին հայտարարել է բողոքի գործողության մասնակիցների ներկայացուցիչ Թայլեր Քոմբելիկը: Քաղաքային իշխանությունները ցանկանում են մաքրել տարածքը, որտեղ մի քանի օրում ստեղծվել են հակասանիտարական պայմաններ: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը եւս փարձել է համոզել բողոքողներին ժամանակավորապես ազատել տարածքը: Սակայն գործողության մասնակիցները մտադիր չեն հեռանալ: Նրանք հայտարարել են, որ սեփական ուժերով կմաքրեն այգին:

Անցած շաբաթ բանկային համակարգի անարդարացիության դեմ Նյու Յորքում սկսված գործողությանն արձագանքել են ամբողջ երկրում: Նմանատիպ գործողություններ են տեղի ունենում Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Բոստոնում, Չիկագոյում, Հյուսթոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայում, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: