Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մտադիր է հոկտեմբերի 28-ին միանալ Հայ ազգային կոնգրեսի նստացույցին: Այսօր` հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը նշել է, թե այսօր ռեալ ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն է:
«Ես հիմա էլ եմ պատրաստվում միանալ ՀԱԿ-ին, պետք է հասկանանք` ինչին ենք միանում: Հոկտեմբերի 28-ին կտեսնեք դա։ Այսօր ՀԱԿ-ը ռեալ ուժ է, մեր միանալը ՀԱԿ-ին ավելի կհզորացնի նրա ակցիաները»,- նշել է Կարապետյանը: Վերջինիս խոսքով, իրենց նպատակն է միավորվել հանուն ժողովրդի եւ պայքարել համակարգի դեմ:
Կարապետյանը արդարացված է համարում Հայ ազգային կոնգրեսի պայքարի մեթոդները, քանի որ ՀԱԿ-ը պայքարում է իշխանության բիրտ ուժի դեմ:
«Որքան էլ կոալիցիան ասի, թե ժողովրդի վիճակը լավ է, մենք գիտենք, որ այդպես չէ: Մոնոպոլիան գլուխ է բարձրացնում: Ընտրություններին մասնակցելու են երկու ուժ` իշխանությունն իր կեղծիքներով ու փողով , եւ ընդդիմությունը, որ պիտի միավորվի»,- արձանագրել է Կարապետյանը:
ԺԿ նախագահը չի բացառել ոչ մի տարբերակ, անգամ հեղափոխությունը, որը «ես չէի ցանկանա, բայց եթե լինի, թող լինի»:




























