Հայաստանը նախագահում է ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդում, որի նիստն այսօր` հոկտեմբերի 14-ին, մեկնարկել է Երեւանում: Նիստի աշխատանքներին մասնակցում է նաեւ միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքով, հանդիպումը կարող է լավ առիթ դառնալ կատարված աշխատանքի արդյունքները քննարկելու համար: Նրա խոսքով, պայմաններ են ստեղծվել փոխշահավետ համագործակցության եւ առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմադրելու համար:

Իր հերթին, Ռուսաստանի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգի հարցերը կարեւոր են ոչ միայն ԱՊՀ-ի, այլ նաեւ միջազգային հանրության համար:

ՌԴ նախագահության շրջանում, որը նախորդել է հայկականին, իրականացվել են անհրաժեշտ կազմակերպչական միջոցառումներ ԱՊՀ երկրների ՆԳՆ-ների միջեւ փոխգործակցության ռազմավարական կուրսի ամրապնդման ուղղությամբ: