Նուբարաշեն վարչական շրջանում ընթացքի մեջ են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021 թ., ավարտը նախատեսվում է 2025 թ.։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 4,6 մլրդ դրամ:

Վարչապետին ուղեկցում է Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, նաեւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով ներկայացրեց իրավիճակը կենտրոնում, իրականացվող ծրագրերը:

Փաշինյանը դիմելով նախարարին, ասաց. «Մենք միայն շենքի խնդիր չենք լուծում, ընդհանրապես, հոգեկան առողջություն ունեցող  բուժարանների նկատմամբ նոր վերաբերմունք պետք է ձեւավորվի»:

Ավանեսյանն արձագանքեց. «Արատավոր համակարգ է եղել, շենքն էլ փորձել ենք կոնցեպտը փոխած օգտագործել, օրինակ ճաղավանդակներից դուրս ենք եկել, անձնական տարածքների մասն ենք ավելացրել: Ինքը էությամբ պետք է չտարբերվի սովորական բժշկական ծառայությունների թե որակից, թե  պահման պայմաններից: Մեկուսացման տարրերը հնարավորինս պետք է բացառվեն, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

Նա նաեւ ընդգծեց, որ մինչեւ այս փոփոխությունները հոգեկան առողջության կենտրոններում խայտառակ վիճակ է եղել. «Ամոթ է ասել, բայց այստեղ 6 մետրանոց նկուղները ամբողջը կոյուղով է լցված եղել, հոտից այս շենքեր չէիր կարող մտնել»: