Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» թերթը հերթական անգամ անդրադառնում է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին եւ այս անգամ արձանագրում, որ նախարարը միտումնավոր կերպով բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին նշանակում է իր հարազատ Ղուբա քաղաքից: Թերթը նույնիսկ հատուկ հարցում է ուղարկել նախարարին` բացատրություն պահանջելով վերոնշյալ հարցի կապակցությամբ: Նախարարի մամուլի քարտուղարի «անհեթեթ» պատասխանից հետո, թերթը որոշել է հրապարակել մի շարք կարեւոր ռազմավարական պաշտոններ զբաղեցնող ղուբացիների անունները: Օրինակ, Սաֆար Աբիեւից բացի, միեւնույն` Ղուբա շրջանից են Ռազմական արդյունաբերության վարչության պետը, պաշտպանության նախարարի օգնականը, Հետախուզության վարչության պետը, Նասիմի շրջանի, Բինեգեդի շրջանի, Սաաթլը շրջանի ռազմական կոմիսարները եւ շատ այլ բարձրաստիճան զինվորականներ: Թերթը նաեւ նշում է, որ շարունակում է նամակներ ստանալ նախարարի որդիների գործունեության մասին եւս, սակայն նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ռազմական ակադեմիայի սպաները մի քանի անգամ նամակներ են ուղարկել ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթին եւ անդրադարձել Աբիեւի իրականացրած գործունեությանը եւ մասնավորապես, նրա ադրբեջանական եւ արտասահմանյան տիրույթներին: Բացի դրանից, ադրբեջանական մամուլում վերջին շրջանում Աբիեւին ու նրա վարած քաղաքականությունը քննադատող տեղեկություններ ու հոդվածներ են տպագրվում, որոնք մեծապես հարվածում են նրա հեղինակությանը: Աբիեւը նույնիսկ դատի է տվել «Ենի Մուսավաթ» թերթին` իր դեմ հրապարակումների համար: Իր հերթին թերթը մեղադրել է Պաշտպանության նախարարությանը` իր կայքէջը հակերային հարձակման ենթարկելու համար:




























