Հայաստանի մերձեցումը ԵՄ-ին կատարվում է արագ եւ արդյունավետ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` հոկտեմբերի 17-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով` Հայաստանը դիտվում է որպես ակումբի անդամ, որն արագ քայլերով մոտենում է ԵՄ-ին: Իր հերթին, Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը եվրոպական արժեքներին, որոշակի աշխատանք է կատարվել «Արեւելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում` վիզային ռեժիմի հեշտացման եւ ազատ առեւտրի գոտիների ստեղծման առումով, փորձում է կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչպես նաեւ առավել հաջողության հասնելու նպատակով մի շարք հայկական գերատեսչություններ օգտվում են ԵԽ փորձագետների խորհրդատվական աջակցությունից:
Խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին` դեսպանը հիշեցրել է, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալի առումով երկրորդ երկիրն է: Հայաստանում ֆրանսիական ձեռնարկություններից են «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը» (ACBA), «Օրանժ»-ը, ԵԿԳ-ն, ընդլայնվում է «Արմավիա» - «Էր Ֆրանս» համագործակցությունը: Այս համատեքստում դեսպանը նաեւ հիշեցրել է, որ վերջերս Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիական գործարարների ասոցիացիայի նեկայացուցիչների հետ (MEDEF) եւ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:




























