2010 թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանում սկսվեց պարտադիր ավտոապահովագրությունը` ԱՊՊԱ-ն: Ընդհանուր առմամբ` սա կարելի է հաջողված գործընթաց համարել, թեեւ ԱՊՊԱ սակագների վերաբերյալ քննարկումները դեռ չեն ավարտվել: Նշենք, որ ԱՊՊԱ վճարումները յուրաքանչյուր ավտոմեքենայի գծով կարող են տատանվել 19-110 հազ. դրամի սահմաններում, կախված մի շարք գործակիցներից: Փաստացի յուրաքանչյուր ավտոմեքենայից միջինը հավաքագրվել է մոտ 36 հազ. դրամ:
Կարծես թե արդարանում են կասկածները, որ ԱՊՊԱ սակագները բարձր են, եւ ապահովագրական ընկերությունների համար ապահովում են գերշահույթներ: 2011 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՊՊԱ-ի գծով հավաքագրվել է 13.5 մլրդ դրամ, որպես փոխհատուցում վճարվել մոտ 3.5 մլրդ դրամ: Այսինքն` փոխհատուցման գումարը կազմում է հավաքագրված վճարների մոտ 25 տոկոսը, թեեւ առանձին ընկերությունների մասով հնարավոր են շեղումներ:
Ապահովագրական վճարների չափը սկզբնապես հաշվարկվեց տարեկան 30 հազ. կամ ամսական 2500 վթարի կանխատեսումով։ Սակայն ընթացքը ցույց է տալիս, որ ամսական 2000 վթարը հազիվ թե գերազանցվի: 9 ամսում հատուցում տրամադրելու համար բավարարվել է մոտ 16 հազ. դիմում, հատուցման միջին գումարը մոտ 220 հազ. դրամ է: Նշենք, որ 1 ապահովագրական պատահարի համար սահմանվել է առավելագույնը 9 մլն դրամ փոխհատուցում (անձնական վնասների դեպքում) եւ 1.5 մլն դրամ` գույքային վնասների դեպքում:




























