Aray էլեկտրոնիկայի խանութների ցանցի բոլոր վաճառակետերը չեն աշխատելու մինչեւ հոկտեմբերի 20-ը` ցանցի սեփականատեր Արմեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Aray ընկերությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզում հոկտեմբերի 16-ին մահացել էր Aray ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանը:
Հայաստանի ոստիկանությունից հայտնել էին, որ անհայտ անձի ահազանգից հետո օպերատիվ խումբը Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել է Սեւան-Երեւան մայրուղու մերձակայքում, Գետամեջ գյուղի ճանապարհին, նրան պատկանող BMW X5 ավտոմեքենայում:
Պետրոսյանի ձեռքին եղել է TT մակնիշի ատրճանակ, եւ ըստ նախնական վարկածի, Արմեն Պետրոսյանն ինքնասպան է եղել: Նրա քունքի մասում հրազենային վնասվածք է եղել, իսկ աջ ձեռքի մատը եղել է ատրճանակի ձգանին:
Ոստիկանության աշխատակիցները մեքենայում նաեւ հայտնաբերել են Բրաունինգ մակնիշի ատրճանակ, մեծ քանակությամբ փամփուշտներ եւ մեկ կրակված պարկուճ:
Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի (Ինքնասպանության հասցնելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:




























