Բրիտանական Next խանութների ցանցի ղեկավար Լորդ Սայմոն Վուլֆսոնը 250 հազ. ֆունտ ստեռլինգ ($390 հազ.) մրցանակ է սահմանել մեկ կամ մի քանի պետությունների եվրոգոտուց դուրս գալու լավագույն սցենարի համար: Այս մասին գրել էPolicy Exchange հետազոտական ինստիտուտի կայքը, հայտնում է Lenta.ru-ն:
Եվրոպական արժույթի միությունից դուրս գալու գործընթացը պետք է լինի «անցավ», ճշտում է The Financial TImes-ը: Policy Exchange-ը նշում է, որ անհրաժեշտ է մշակել կառավարելի սցենարներ, որոնց դեպքում չեն տուժի եվրոպացիների խնայողությունները, զբաղվածությունը եւ աշխարհի ֆինանսական համակարգն ամբողջությամբ:
ԼորդՎուլֆսոնը նաեւ հավաստիացնում է, որ չէր ուզի «եվրոյի կործանումը»: «Լավ կլինի, եթե հաջողվի խուսափել դրանից»:
The Wolfson Economics Prize անվանումով մրցանակի հայտերն ընդունվում են մինչեւ 2012թ. հունվարի 31-ը: Վոլֆսոնը նշել է, որ մրցույթում կարող է եւ հաղթող չճանաչվի, եթե ոչ մի նախագիծ հարմար չլինի:
Վերջին ժամանակներս եվրոգոտին ծանրագույն պարտքային ճգնաժամ է ապրում: Հունաստանը, Իռլանդիան, Պորտուգալիան ստիպված են եղել դիմել Եվրամիության եւ ԱՄՀ-ի ղեկավարությանը: Իտալիայում եւ Իսպանիայում բյուջեի խնայողության խիստ միջոցներ են ձեռնարկվել: Տուժում են նաեւ եվրոգոտու «լոկոմոտիվները»` Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնց բանկային համակարգերը ծանրաբեռնված են «պրոբլեմային պետությունների» պարտատոմսերով:




























