Հունաստանում պետական եւ մասնավոր կառույցների աշխատակիցների 48-ժամյա համընդհանուր գործադուլ է սկսվել, որն ուղղված է խորհրդարանում քվեարկության դրված խնայողության նոր խիստ միջոցառումների փաթեթին, որը մշակվել է միջազգային  վարկատուների ճնշման տակ: Այս ընդհանուր գործադուլը, ինչպես սպասվում էր, 2 օր կաթվածահար կանի Հունաստանի տրանսպորտային կապը:

Աթենքի կենտրոնում,  ուր 70 հազար մարդ բողոքի երթի են դուրս եկել, 3000 ոստիկան են հերթապահում, որպեսզի կանխարգելեն հնարավոր անկարգությունները: Խորհրդարան տանող ճանապարհը արգելափակված է, իսկ մետրոյի մոտակա երկու կայարաններըփակ են: 

Agence France-Presse-ի տվյալներով` անհայտ անձինք արդեն գրոհել են Աթենքում կարգ պաշտպանողների վրա: Ոստիկաններից մեկը տուժել է: Այլ քաղաքներում եւս բողոքի ցույցեր են:

Lenta.ru-ի փոխանցմամբ` խորհրդարանը պետք է  չորեքշաբթի օրը` հոկտեմբերի 19-ին,  քվեարկության դնի  պետական ծախսերի կրճատման նոր փաթեթը:  Մասնավորապես, իշխանությունները առաջարկում են կրճատել սոցիալական կարիքներին ուղղված ծախսերը եւ թոշակները, ավելացնել հարկերը, կրճատել աշխատավարձերը եւ հանել պետական ծառայողներին աշխատանքից  հեռացնելու արգելքը:  Հոկտեմբերի 18-ին վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն կոչ է արել  գործադուլավորներին դադարեցնել ցույցը եւ աշխատանքի անցնել, որովհետեւ դա, նրա խոսքով, չի օգնի ճգնաժամից դուրս գալ:

Հունաստանի պետական պարտքը այժմ կազմում է 162 տոկոս ՀՆԱ-ից:  Եվրամիության երկրները նոր միջոցներ են մտածում Հունաստանին դեֆոլտից փրկելու համար, որը խոշոր ճգնաժամ է խոստանում ամբողջ ԵՄ-ին: Հունաստանում հավաստիացնում են, որ 2010թ. համաձայնեցված  11 մլրդ դոլար ֆինանսական օգնության կարիքն  ունեն: