Վերջին 2 տարիներին վերակառուցման եւ զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) տարեկան 70 մլն եվրոյի ներդրում է արել Հայաստանի տնտեսությունում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Կուրտ Բայերը:
Նշենք, որ այս օրերին ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությունը գտնվում է Հայաստանում` մեր երկրի տնտեսական զարգացումները եւ ՎԶԵԲ-ի 2012-15 թ.թ. նոր ռազմավարությունը քննարկելու նպատակով:
Ըստ Կ. Բայերի` ՎԶԵԲ-ը 20 տարվա ընթացքում 620 մլն դոլարի ներդրում է արել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: «ՎԶԵԲ-ը ամենամեծ մասնավոր ներդրողն է Հայաստանում, եւ ցանկանում է ընդլայնել իր մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ»,- հայտարարեց Կ. Բայերը:
Նա սակայն հիշեցրեց, որ ՎԶԵԲ-ի ծրագրերը կազմվում են ստացվող հայտերի հիման վրա, կազմակերպությունն ինքը ծրագրեր չի մշակում:



























