Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանում թրաֆիկինգի հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 19-ին, Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) գործադիր քարտուղար Պետիա Նեստերովայի հետ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են թրաֆիկինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին, Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի կիրարկմանը, Հայաստանի ազգային զեկույցին վերաբերող հարցեր:
Ի դեպ, Հայաստանն այս տարի առաջին անգամ GRETA-ին է ներկայացրել ազգային զեկույցը, եւ այս օրերին GRETA-ի փորձագետների խումբը Հայաստանում է` զեկույցի վերաբերյալ հավելյալ քննարկումների անցկացման համար:
Ա. Գեւորգյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիկինգի դեմ պայքարին եւ այս ոլորտում կարեւորում են համագործակցությունը ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ երկկողմ մակարդակով: Թրաֆիկինգի դեմ պայքարում պետությունն իր գործընկերն է համարում նաեւ հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են իր ղեկավարած խորհրդի կազմում: Նա հույս է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի նկատելի առաջընթաց արձանագրել ոլորտում: Անդրադառնալով կատարված աշխատանքներին` փոխվարչապետը մասնավորապես տեղեկացրել է, որ «Քրեական օրենսգրքում» կատարված վերջին փոփոխություններով արդեն ամբողջացել է ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը:
Պ. Նեստերովան կարեւորել է Հայաստանի կողմից թրաֆիկինգի դեմ պայքարում իրականացված աշխատանքները եւ արդյունավետ համարել GRETA-ի հետ Հայաստանի համագործակցությունը`նշելով, որ պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքները:




























