Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Իդրամ» ՍՊԸ-ի կողմից գործարկվել է գույքահարկի եւ հողի հարկի առցանց վճարման համակարգը:
«Բոլոր նրանք, ովքեր ունեն անշարժ կամ շարժական գույք եւ համապատասխան հարկային պարտավորություններ, այսուհետ ոչ միայն կարող են ծանոթանալ գույքի եւ հողի մասով իրենց հարկային պարտավորություններին, այլեւ վճարումներ կատարել առցանց վճարման համակարգի միջոցով, այդ թվում նաեւ եթե նույն հարկատուն ունի պարտավորություններ մի քանի վարչական շրջաններում միաժամանակ»,- նշել է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արա Յաղջյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգը եռալեզու է եւ հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել աշխարհի ցանկացած կետից:
«Իդրամ» ՍՊԸ տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանն էլ ներկայացրել է առցանց վճարումների համակարգի գործարկման քայլերի հաջորդականությունը եւ ընդգծել, որ համակարգը կիրարկման մատչելիությամբ հասանելի է տարիքային բոլոր խմբերի հարկատուներին:
Ըստ այդմ, հարկատուն նախ մուտք է գործում համակարգ (www.idram.am կամ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից` www.yerevan.am -ի աջ հատվածից), գրանցում է վիրտուալ հաշիվ, ստանում հատուկ կոդ, որի արդյունքում պարտքերի եւ տուգանքների վերաբերյալ տեղեկատվության հարցում ուղարկելու հնարավորություն է ստանում: Քաղաքացին նաեւ կարող է անձամբ որոշել, թե ո±ր տարվա եւ ո±ր հարկն է ցանկանում վճարել եւ, վիրտուալ հաշիվը լիցքավորելով, կատարում է իր հարկային պարտավորությունները: Համակարգում գրանցված անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորված է:
Ծրագիրն աշխատում է բանկային համակարգի միջոցով եւ առաջիկայում ստացած կոդերով հնարավոր կդառնա վճարումներ կտարել նաեւ առցանց վճարման համակարգի բոլոր տերմինալներից: Բացի այդ, նշվեց, որ ներկայում մշակման փուլում է աղբահանության հարկի առցանց վճարման համակարգը:
Շնորհանդեսի վերջում Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցիչների հետ քննարկվել են համակարգի գործարկման մանրամասներ եւ անհատական ծրագրերի առաջարկներ:



























