Արարատի մարզի Երասխ գյուղում պետական խորհրդանիշների անարգում տեղի չի ունեցել, խոսքը վերաբերում է դրոշներ պատկերող պաստառների վնասմանը։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 17․40-ի սահմաններում, ավտոմեքենայով մոտեցել են ՌԴ սահմանապահ զորքերի դիտակետին, սպառնացել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և վնասել այնտեղ փակցված պաստառը՝պատճառելով նյութական վնաս։
«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի և 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Բացի այդ, 2023թ․ հոկտեմբերի 8-ին էլ հաղորդում է ստացվել այն մասին, որ դրա նախորդ օրը, ժամը 22․55-ի սահմաններում, անհայտ անձինք դանակով վնասել են Արարատի մարզի Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող «Հայ և ռուս» ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող պաստառը։ Այս դեպքի առթիվ ևս ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Երկու վարույթներով էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն»,- ասաց Աբրահամյանը։
https://news.am/arm/news/786169.html





























