Քալիֆորնիացի 90-ամյա քարոզիչ Հարոլդ Քեմփինգը հերթական անգամ հանդես է եկել աշխարհի վերջի մասին վախեցնող մարգարեությամբ:
Ըստ նրա` աշխարհի վերջը գալու է հոկտեմբերի 21-ին, Երկրի ամեն մի ժամային գոտու 18:00-ին, հայտնում է MIGnews.com-ը:
«Այս ուրբաթ գրեթե բոլոր երկրացիները կհայտնվեն ուղիղ դժոխքում», - հայտնել է Քեմփլինգը երեքշաբթի օրը` հոկտեմբերի 18-ին, կրոնական «Ընտանեկան ռադիոյի» (Family Radio Network) եթերում, որի նախագահն ու գլխավոր կառավարիչն է:
«Շիրիմներից հարություն կառնեն մեռելները, Երկրի բնակչության 2 տոկոսն անմիջապես կգնա դրախտ, իսկ մնացածները դժոխք ուղարկվելուց առաջ որոշ ժամանակ կմնան Երկրի վրա, որպեսզի զգան համամոլորակային զանգվածային երկրաշարժերի, ջրհեղեղների եւ հրդեհների սարսափները»:
Նշենք, որ քարոզիչ Քեմփլինգը առաջին անգամը չէ, որ աշխարհի վերջ է խոստանում: Եթե նրա մարգարեությունները կատարվեին, 1988թ. արդեն կյանքը Երկրի վրա պետք է ավարտված լիներ: Հետո նաեւ 1994 եւ 2011թթ.:
Այս տարի Քեմփլինքն արդեն նշանակել էր Ահեղ դատաստան մայիսի 21-ին, բայց սխալվել էր: Թեեւ շատերը հավատացել էին եւ նախապատրաստվել Աստծո հետ հանդիպմանը հենց այդ ժամանակ:
Քեմփլինգի խոսքով` հոկտեմբերի 21-ի ուրբաթը վերջնական ժամկետն է: Քարոզիչը հավաստիացնում է, որ ամեն ինչ ճիշտ է հաշվարկել` մաթեմատիկորեն: Ստուգել է հաշվարկները, որոնք ոչ թե օդից են վերցված, այլ Աստվածաշնչյան գաղտնի կոդերի ապակոդավորման վրա են հիմնված:
Քեմփլինգին նորից հավատում են: ԱՄՆ-ում եւ Եվրոպայի որոշ երկրներում արդեն հազարավոր հսկայական գովազդային վահանակներ են տեղադրվել, պլակատներով զարդարված հարյուրավոր բեռնատարներ եւ երկրպագուների մեքենաներ: Բոլորի վրա միեւնույն բանն է գրված`«Դատաստանի օրը մոտենում է»:




























