Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ 

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում նշվել են, մասնավորապես, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, անասնաբուծության, սննդի վերամշակման ոլորտները։ 

Կողմերը քննարկել են նաև գարեջրի, շոկոլադի և այլ արտադրատեսակների արտահանման հնարավորությունները։ 

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Բելգիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 156․5  մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 32%-ով (2022 թվականի հունվար-օգոստոսին  կազմել է 118․5 մլն  ԱՄՆ դոլար):