Սույն թվականի հոկտեմբերի 26-ին Չինաստանի Սիան քաղաքում՝ Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա, տեղի ունեցավ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (ԳԱՄԱ/МААН) խորհրդի 39-րդ նիստը։ Նիստին մասնակցեցին 13 երկրի 21 կազմակերպությունների ավելի քան 200 առաջատար գիտնականներ և ակադեմիական կառույցների ղեկավարներ։
Նիստի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Նիստի ընթացքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով փորձագետ Գևորգ Վարդանյանը: Նա մասնակցեց գիտատեխնիկական համագործակցության արդիական խնդիրների քննարկմանը։
Նիստի ընթացքում ԳԱՄԱ-ի կազմը համալրվեց չինական երկու խոշոր կառույցներով՝ Հենան նահանգի Գիտությունների ակադեմիայով և Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանով: Որպես համատեղ հետազոտությունների գերակայություն սահմանվեցին արհեստական բանականությունը, նոր նյութերի (այդ թվում՝ գրաֆենի) մշակումը, վերականգնվող էներգետիկան, կենսատեխնոլոգիաները և էկոլոգիան:
Գևորգ Վարդանյանը մասնակցեց նաև ԳԱՄԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նիստի աշխատանքներին՝ որպես խորհրդի համանախագահ։ Նա հանդես եկավ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդական գիտական քաղաքականության իրականացման փորձի և Երիտասարդ գիտնականների խորհրդի գործունեության մասին» զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայաստանում երիտասարդ գիտնականների աջակցությանն ուղղված հաջողված փորձն ու ՀՀ ԳԱԱ ձեռքբերումները:
Հոկտեմբերի 27-ին Գևորգ Վարդանյանը մասնակցեց «Գլոբալ Հարավի ականավոր գիտնականների համաժողովի» աշխատանքներին, որին ներկա էր շուրջ 500 ներկայացուցիչ աշխարհի 24 երկրից: Այս համաժողովի շրջանակում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև:
Հուշագրի հիմնական նպատակներն են.
համատեղ գիտական ու կրթական նախագծերի կյանքի կոչում
գիտահետազոտական համագործակցության արդյունքների համատեղ կիրառում և օգտագործում
մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակում
ստեղծարար տեխնոլոգիաների և հեռավար ուսուցման ոլորտներում պիլոտային նախագծերի իրականացում ու փորձարարական գոտիների ստեղծում
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվական նյութերի փոխանակում
ուսանողների, դասախոսների և գիտնականների ակադեմիական ու գիտական փոխանակման ծրագրերի իրականացում
երկու կառույցների աշխատակիցների ներգրավում համատեղ հետազոտություններում, սիմպոզիումներում և գիտական սեմինարներում:
Միջազգային այս հարթակներում ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են ստեղծում հայ-չինական գիտական համագործակցության ընդլայնման և հայ գիտնականների՝ միջազգային հետազոտական ծրագրերում ներգրավվածության խորացման համար։





























