ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը արաբական երկրներ կատարած իր շրջագայության ժամանակ մերձավորարևելյան առաջնորդներին ասել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման պաղեստինցի զինյալների հետ «այլևս ոչ մի գործ չի լինի սովորականի պես», հայտնում է Reuters-ը։

Քաթարի վարչապետ Շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիի հետ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ զրույցում Բլինքենն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնը պահանջում է Քաթարից փակել ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը Դոհայում, սակայն ասել է, որ յուրաքանչյուր երկիր «պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ին» իսրայելական քաղաքներում կատարած վայրագությունների համար, որոնք հանգեցրին 1200 իսրայելցիների մահվան»:

ԱՄՆ-ն Իսրայելի և մարդասիրական կազմակերպությունների հետ քննարկում է, թե ինչպես կարելի է Գազայում խաղաղ բնակիչների համար «անվտանգ գոտիներ» ստեղծել, ասել է Բլինքենը:

«Մեր ուշադրության կենտրոնում այժմ ապահով գոտիներ ստեղծելուն օգնելն է», - նշել է նա: «Մենք կարծում ենք, որ սա լավագույն միջոցն է՝ համոզվելու, որ ՀԱՄԱՍ-ի խաչաձև կրակի տակ  հայտնված խաղաղ բնակիչները կարող են ապահով լինել և ստանալ իրենց անհրաժեշտ օգնությունը»:

Շեյխ Մուհամեդն իր հերթին ասել է, որ Քաթարը փորձում է բաց պահել հաղորդակցության ուղիները` կանխելու համար հակամարտության երկու  կողմի մարդկանց տառապանքները, ինչպես նաև կոչ է արել կիրառել միջազգային իրավունքը:

«Մարդիկ ամենուր մարդիկ են՝ լինեն իսրայելցիներ, թե պաղեստինցիներ, նրանք նույն արժեքն ունեն», - ասել է նա:

Բլինքենն ընդլայնել է իր ուղևորությունը Իսրայելից և Հորդանանից՝ ներառելով Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները և Եգիպտոսը՝ դարձնելով այն իր ամենամեծ շրջագայությունը տարածաշրջանում 2021 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր: Դոհա մեկնելուց առաջ նա Ամմանում հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալահի և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ և նախատեսում էր այցելել Բահրեյն ուրբաթ օրը՝ նախքան Սաուդյան Արաբիայում գիշերելը: