Ամերիկյան պաշտոնատար անձինք եւ վերլուծաբանները կասկածում են, որ Բաքուն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու հնարավորություն ունի. Դրան խոչընդոտում են մարդու իրավունքների ոտնահարումը եւ ոչ ժողովրդավարական գործելաոճը, հայտնում է Turan-ը:
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկրառազմավարական դիրքը եւ էներգետիկ անվտանգության համակարգում ունեցած դերը շատ կարեւոր են, բայց մարդու իրավունքների խախտումը եւ ոչ ժողովրդավար գործելաոճը վտանգում են այդ», - ասել է պաշտոնական աղբյուրը:
ՄԱԿ-ում հոկտեմբերի 21-ին անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամներ են ընտրվելու`2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2013թ. վերջն ընկած ժամանակահատվածի համար: Այդ երկրները կփոխարինեն Լիբանանին, Բոսնիա եւ Հերցեգովինային, Բրազիլիային, Գաբոնին եւ Նիգերիային, որոնց ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:
Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջոշուա Գոլդշտեյնը կարծում է, որ մրցակցությունն ընթանում է Ադրբեջանի, Սլովենիայի եւ Հունգարիայի միջեւ: «Վերջին ժամանակներս Կոլումբիան սկսել է սատարել Ադրբեջանին», - ասել է նա: Սակայն Ադրբեջանը հայտնվել է ԵՄ-ի անդամակցության թեկնածու Արեւելյան Եվրոպայի երկրների հակառակորդի դերում, ինչը նվազեցնում է նրա հնարավորությունները:
Century ֆոնդից Ջեֆ Լորենտին եւս ենթադրում է, որ Արեւելյան Եվրոպայի երկրների հնարավորությունները ավելի նախընտրելի են: Հունգարիան եւ Սլովենիան կարող են ակնկալել ձայների 78%-ը գլխավոր ասամբլեայի ընթացքում: Այն դեպքում, երբ Ադրբեջանը կարող է ակնկալել ընդամենը 25%-ը:
Եվրամիությունը, սակայն, ունի ընդամենը 27 անդամ, այն դեպքում, երբ Իսլամական կոնֆերանսը, որին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, կազմված է ՄԱԿ-ի 56 անդամ-երկրներից:



























