ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի և Պաղեստինի նախագահներ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի, Բաշար ալ-Ասադի, Էբրահիմ Ռայիսիի և Մահմուդ Աբասի հետ, բոլոր բանակցությունների հիմնական թեման եղել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը, հաղորդում է РИА Новости-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով։ 

«Բոլոր խոսակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է կտրուկ սրվող պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։ «Ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել ռազմական գործողությունների լայնածավալ սրման կապակցությամբ, որն ուղեկցվում է քաղաքացիական զոհերի թվի աղետալի աճով և Գազայի հատվածում խորացող հումանիտար ճգնաժամով», - նշել են ՌԴ նախագահի աշխատակազմում։

Պետությունների ղեկավարները համաձայնել են, որ անհրաժեշտ է շուտափույթ կրակի դադարեցման հասնել և մարդասիրական զինադադար հաստատել։

Պուտինը լսել է իր գործընկերների տեսակետները, որոնք ընդգծել են Գազայի հատվածի շրջափակման վերացման կարևորությունը՝ դեղորայքի, սննդի և այլ կենսական նշանակության ապրանքների մատակարարումը սկսելու համար։

«Լուրջ մտահոգություն է եղել հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու հավանականության վերաբերյալ», - ավելացրել է Կրեմլը:

Ինչպես ընդգծել է Պուտինը, անընդունելի է խաղաղ բնակչության նկատմամբ բռնության ցանկացած ձև։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել։

Մոսկվան պատրաստ է համակարգել ջանքերը բոլոր «կառուցողական մտածողությամբ գործընկերների» հետ՝ հնարավորինս արագ դադարեցնելու ռազմական գործողությունները։

«Հենց դա է Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված բանաձեւի նախագծի նպատակը՝ անհապաղ մարդասիրական զինադադար հայտարարելու մասին, որը հավասարակշռված է և չքաղաքականացված», - նշել են Կրեմլից։

Բոլոր պետությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ աննախադեպ էսկալացիայի պատճառը մերձավորարևելյան կարգավորման լճացումն է։ Պուտինը կրկին ուրվագծել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ խնդրի արդարացի լուծումը հնարավոր է Իսրայելի հետ խաղաղ գոյակցող Պաղեստինի անկախ պետության ստեղծմամբ։

Եգիպտոսի նախագահի հետ զրույցում Պուտինը քննարկել է նաև Գազայի հատվածից ռուսների և ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանման հարցում Կահիրեի օգնությունը։

Վերջին տվյալներով՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան հազար մարդ։ Ավելի քան 40 երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսներ, զոհվել կամ անհետ կորել են։

Գազայի հատվածում հրեական պետության պատասխան գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան երկու հազար մարդ։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը կարող է գերի պահել մոտ 150 իսրայելցու։