Հայաստանի ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը չի հավատում, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստանին մեղադրած լինի Տավուշի մարզում սողանքի հետեւանքների վերացման ուղղությամբ վատ աշխատելու համար:
«Ես չեմ հավատում, որ Վրաստանի նախագահը նման բան ասած լինի: Ըստ երեւույթին, լրագրողներն են նախագահի խոսքն աղավաղել: Ինքներդ էլ լավ գիտեք, որ Վրաստանը մեզ հարեւան ու բարեկամ երկիր է, իսկ Վրաստանի նախագահը շատ լավ տեղեկացված է վտանգներին հակազդելու մեր կարողությունների ու հնարավորությունների մասին»,- ասել է Արմեն Երիցյանը:
«Ինչ վերաբերում է մեր իրականացրած որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությանը, ապա կցանկանայի, որ բոլորն էլ հասկանան, որ իր չափերով սա աննախադեպ սողանք էր, եւ միջազգային փորձագետներն էլ վկայում են, որ ակտիվ գործող սողանքի եւ առատ տեղումների պայմաններում ընդհանրապես արգելվում է ծանր տեխնիկայի մուտքը սողանքի մարմին: Այդ իմաստով աննախադեպ էր փրկարարական ստորաբաժանումների մուտքն ակտիվ սողանքային գոտի: Մենք նախ գնահատեցինք իրավիճակը եւ ձեռնարկելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պարանային փոխօգնություն ապահովելուց հետո, սկսեցինք որոնողափրկարարական աշխատանքները: Առաջին երեք օրն աշխատանքները կատարվեցին բահերի, քլունգների, պարանների կիրառմամբ, ձեռքի աշխատանքի միջոցով` օգտագործելով փնտրող շներ եւ որոնողական հատուկ տեխնիկա: Հենց առաջին իսկ ժամերից դեպքի վայրին էր մոտեցել ծանր տեխնիկան, սակայն, ինչպես նշեցի, այն միայն հետագայում օգտագործվեց ամբողջ ծավալով: Բոլոր աշխատանքներն իրականացվեցին հաշվի առնելով փորձագետների, ինժեներների, սեյսմաբանների եւ երկրաբանների ուսումնասիրություններն ու եզրակացությունները: Փաստորեն ԱԻՆ-ի հետ միասին աշխատեց հանրապետության նախարարություն-գերատեսչությունների միասնական թիմը եւ նաեւ միջազգային փորձագետների կարծիքով` այդ թիմը գործեց օպերատիվ ու պրոֆեսիոնալ»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սահակաշվիլին, անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի սահմանի մոտ տեղի ունեցած սողանքին, որի հետեւանքով 5 մարդ էր մահացել, ասել է. «Հայաստանում ողբերգական դեպքի արդյունքում, մահացել են մեր մի քանի քաղաքացիներ, ինչը շատ ցավալի է: Վարորդներից մեկը, ով Վրաստանի քաղաքացի է եւ այստեղ (Վրաստանում-խմբ) քննադատում ու հողին է հավասարեցնում մեր կառավարությանը, տեսախցիկների առաջ ասել է. «Եթե մեր կառավարությունը լիներ, բա 2 ժամում չէ՞ին մաքրի տարածքը: Տեսեք, որքան ժամանակ է ոչ ոք չի եկել, որ մաքրի ճանապարհը: Ես չեմ ուզում որեւէ վատ բան ասել Հայաստանի մասին, նրանք մեր ընկերներն են, բայց Ռամազ Նիկոլաիշվիլին մի քանի ժամում ավելի բարդ իրավիճակների դեպքում է լուծումներ գտել: Իսկ այնտեղ, անհրաժեշտ եղավ երկու շաբաթ: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ պետական ապարատ ունենալ»:
Նշենք, որ սողանքից հետո Վրաստանն իր օգնությունն էր առաջարկել, սակայն հայկական կողմը հրաժարվել էր օգնությունից:




























