Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի թաղումը մի քանի օրով հետաձգվել է, քանի որ թաղման վայրը դեռ չի ընտրվել եւ պետք է բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարել: Այս մասին հայտնել է Լիբիայի անցումային ազգային խորհրդի նավթի նախարար Ալի Թահրունին, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ես նրանց ասացի, որ Քադաֆիի մարմինը մի քանի օր պահեն, որպեսզի վստահ լինենք, որ բոլորը գիտեն նրա մահվան մասին»,- ասել է Թահրունին, հավելելով, որ գնդապետի մարմինը դեռ մնում է Միսրատա քաղաքում:
«Իսլամի օրենքներով, նրան պետք է թաղել որքան հնարավոր է շուտ, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել որտեղ թաղել` Միսրատայո՞ւմ, Սիրտո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ Al-Arabiya-ն հաղորդել էր, որ Քադաֆիի մարմինը առեւտրի կենտրոնում են տեղավորել, այնինչ Al Jazeera-ի փոխանցմամբ, գնդապետի մարմինը Միսրատայի մզկիթներից մեկում է դրվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, ՆԱՏՕ-ի օդուժը ռմբակոծել է ավտոշարասյունը, որում եղել է Քադաֆին: ՄԻ քանի ժամ անց նրան հայտնաբերել են ջրատար խողովակում, որտեղ նրան թաքցրել էին կողմնակիցները:




























