Հիտլերը տառապում էր «Հիստերիկ ամբլիոպիայով» (հիստերիկ կուրություն): Հիվանդությունը նրա մոտ զարգացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո:
Երրորդ ռեյխի առաջնորդը այս փաստը խնամքով թաքցրել է եւ մեկուսացրել բոլոր նրանց, ովքեր ծանոթ էին իր բժշկական քարտին, գրում է InoPressa-ն` The Independent-ին վկայակոչելով:
«Իմ պայքարը» գրքում Հիտլերը գրել է, որ 1918թ. ժամանակավորապես կուրացել է բրիտանացիների գազային հարձակումից հետո: Սակայն ջրի երես դուրս եկած, 1943թ. թվագրված նամակները թույլ են տալիս ենթադրել, որ առաջնորդի կուրությունը հոգեկան լուրջ խանգարումների պատճառ է դարձել:
Աբերդինյան համալսարանի պատմաբան Թոմաս Վեբերը The Independent-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ հենց հոգեկան խանգարումը Հիտլերին օգնեց դառնալ հիանալի հռետոր եւ ժամանակի ընթացքում անսահմանափակ իշխանություն ձեռք բերել:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, ըստ Թոմաս Վեբերի, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարտի դաշտում Հիտլերի «հերոսությունը» եւս միֆ է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ադոլֆ Հիտլերը Լիստի (այդպես էր զորամասի հրամանատարի անունը) շտաբում կապավոր է եղել: Վեբերը համոզված է, որ գործի բերումով ապագա բռնակալը ժամանակի մեծ մասն անց է կացրել ճակատային գծից հեռու, ինչի պատճառով էլ ստացել է «թիկունքի խոզ» մականունը:
Վեբերը համոզված է, որ Առաջին կարգի երկաթե խաչը, որով միշտ հպարտանում էր Երրորդ ռեյխի առաջնորդը, եւս քաջության համար չէ նրան շնորհվել: Նա պարզել է, որ շտաբի ծառայողները հաճախ պաարգեւներ էին ստնոմ հրամանատարին գոհացնելու համար:


























