Եթե Վանի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքների վերացման համար, Թուրիքիայի իշխանությունները դիմեն Հայաստանին, հայ մասնագետները պատրաստ են մեկնել Թուրքիա եւ օգնել երկրաշարժի հետեւանքների վերացմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԻՆ փոխնախարար Նիկոլայ Գրիգորյանը:
Նրա խոսքով, այս պահին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում արտակարգ նիստ է գումարվել` նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի արեւելքում այսօր` հոկտեմբերի 23 -ին 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել:Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 35 կմ հյուսիս-արեւելք:
Հիպոկենտրոնը գտնվել է 94,5 կմ խորության վրա:
Զեհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Երկրաշարժն ուժեղ զգացվել է նաեւ Հայաստանում, այդ թվում` Երեւանում: Մայրաքաղաքի տարբեր շրաջաններում բնակիչները դուրս են եկել շենքերից, հավաքվել բակերում: Կան տեղեկություններ, որ ստորերկրյա ցնցումներն ավելի ուժեղ են զգացվել Արարատյան դաշտավայրի բնակավայրերում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դեռեւս տեղեկատվություն չի տարածել երկրաշարժի ուժգնության մասին:Ցնցումներից հետո բջջային կապը գործում է նկատելի խափանումներով:
Վերջին ժամանակաշրջանում երկրակեղեւի շարժը տարածաշրջանում զգալիորեն ակտիվացել է: Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, հոկտեմբերի 19-ին, ժամը 19.19-ին սեյսմիկ ծառայությունը գրանցել էր 3,3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Մասիս քաղաքից 7 կմ դեպի հարավ: Եվս մի քանի օր առաջ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում ճաքել են դպրոցի պատերը: Որոշ դասարաններում պատերից ծեփ է փլվել, խախտվել են պանելների կարերը:Վերջին օրերի ընթացքում հանրապետոթյան տարբեր շրջաններում գրանցվել են ցնցումներ 3 - 5 բալ ուժգնությամբ:


























