Հայաստանում, ցավոք, շատ բան է սովորական դարձել։ Նորմ են դարձել բաներ, որոնք նախկինում մեզ կցնցեին, անընդունելի կթվային, ընդվզում կառաջացնեին։ Թվում է, թե արժեքների համատարած գահավիժման հետ համակերպված հայ հասարակությանն այլեւս ոչնչով հնարավոր չէ ցնցել, բայց հաջողվում է ժամանակ առ ժամանակ անել դա՝ հատելով հերթական կարմիր գիծը։

Այդպիսի մի ցնցում հասարակությունը ապրեց հուլիսի 29-ի առավոտյան, երբ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս տեղեկությունը շոկային էր հատկապես մշակույթի գործիչների եւ Սմբատյանի արվեստին ծանոթ հանրության համար։

Ձերբակալվել, ապա կալանավորվել էր համաշխարհային հռչակ ունեցող հայ դիրիժորը, մարդ, որն իր ղեկավարած նվագախմբով հայկական մշակույթը փառքով է ներկայացրել Վիեննայի, Բեռլինի, Նյու Յորքի, Զալցբուրգի, Լոնդոնի, Պրահայի, Շտուտգարտի, Մյունխենի, Մոսկվայի, Համբուրգի, Դուբայի և այլ համաշխարհային բեմերում, մարդ, որը ղեկավարել է Բեռլինի, Վարշավայի, Երուսաղեմի, Պրահայի, Դրեզդենի և այլ սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբեր, նաեւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Շատ օտարերկրացիներ հենց նրա արվեստի միջոցով են ճանաչել ու բացահայտել Հայաստանը։ Սմբատյանը հիմնադրել ու մինչեւ օրս հաջողությամբ իրականացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի, Խաչատրյանի անվան միջազգային, «Արմենիա» միջազգային, Պենդերեցկու անվան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնները՝ դրանց շրջանակում Հայաստան բերելով դասական երաժշտության համաշխարհային մեծությունների։ Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը նաեւ Ֆրանսիայի Շեվալյե շքանշանի ասպետ է, ՄԱԿ-ի Յունիսեֆի դեսպան։

Պատահական չէ, որ Սմբատյանի կալանավորման մասին տեղեկությունը լայն արձագանք գտավ նաեւ արտերկրում։ Նրա կալանավորումը դատապարտեցին եւ նրան անհապաղ ազատ արձակելու խնդրանքով Հայաստանի ղեկավարությանը դիմեցին ոչ միայն Հայաստանի տարբեր ոլորտներ ներկայացնող ճանաչված մարդիկ, այլև համաշխարհային մեծության աստղեր։

Իսկ ի՞նչ էր մեզ մատուցվում բուն գործի մասին, որի շրջանակում կալանավորվել էր մաեստրոն. 11 տարվա վաղեմության 300մ² հողատարածքի օտարման մասին մի քանի տարի քննվող քրեական գործ, որին Սերգեյ Սմբատյանի առնչությունն այդպես էլ չպարզվեց։ Զուգահեռ լսում էինք դատախազության հավաստիացումները, թե ամեն ինչ հիմնավոր է, օրինական, իսկ դիրիժորի կալանավորումը` անքննելի անհրաժեշտություն։ Սրան հաջորդեց Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցների փոփոխումը, սկզբում` տնային կալանք, ապա` գրավ։

Սեպտեմբերի 14-ին մաեստրոն կալանավորվելուց հետո առաջին անգամ Երեւանում բեմ բարձրանալու հնարավորություն ստացավ եւ աննախադեպ ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից։ Նույնքան շռնդալից անցավ նրա դիրիժորությամբ Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Բեռլինի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում հոկտեմբերի 9–ին։

Հոկտեմբերի 30-ին եւս մեկ ցնցող լուր ստացվեց. քննությունը պարզել էր, որ Սերգեյ Սմբատյանն անմեղ է, նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Սա մի կողմից ուրախացնող, մյուս կողմից խիստ մտահոգիչ տեղեկություն էր։ Սա տագնապալի ազդանշան էր հայ հասարակությանը, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ առանց հիմնավոր կասկածների, առանց ապացուցողական հիմքի կարելի է վարկաբեկել երկրի ամենաճանաչված ու վաստակաշատ  արվեստի գործիչներից մեկին, ամիսներ շարունակ նրան պահել կալանավայրում կամ տնային կալանքի տակ՝ զրկելով նրան ստեղծագործելու եւ աշխարհին Հայաստանը պատվով ներկայացնելու հնարավորությունից, իսկ հետո պարզել, որ նա անմեղ էր։

Այս ամենի արդյունքում Սմբատյանը, իհարկե, պահպանեց իր բարի համբավը, մինչդեռ Հայաստանի իրավապահ համակարգը եւս մեկ անգամ վարկաբեկվեց՝ լուրջ հարված հասցնելով նաեւ ժողովրդավարության առաջընթացի մասին բոլոր հավաստիացումներին։ Ի վերջո, Սմբատյանը համաշխահային դեմք է, նրա գործը նաեւ միջազգային հանրության ուշադրության սեւեռակետում է, հետեւաբար այս մտահոգիչ ազդակը հասավ նաեւ համաշխարհային հանրությանը։

Մի կողմ թողնենք Սմբատյանի անձն ու վաստակը։ Ինչպե՞ս կարելի է այսքան անփույթ վարվել հասարակության հետ, պետության միջազգային վարկի հետ։ Ժամանակը չէ՞ արդյոք, որ պատասխանատվություն ստանձնածները գիտակցեն՝ ամեն նման քայլով եւս մեկ քար են հանում պետության հիմքից։ Ժամանակը չէ՞ արդյոք, որ հասկանանք. կան բաներ, որոնք, մեղմ ասած, պարզապես չի կարելի անել։