ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանը, ով զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հայրն է, ազատ կարձակվի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Որդիների կանչ» ՀԿ-ն։

Այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը՝ նրա խափանման միջոց կալանքը փոխարինելով  երկրից չհեռանալու ստորագրությամբ։

Արմեն Գալստյանն ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։

Նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չի ներկայացել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրիկին՝ Արմեն Գալստյանին, ձերբակալել են՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելու համար:

Մեղադրական եզրակացության համաձայն, այս տարվա սեպետեմբերի 21-ին' ժամը 08:30-ի սահմաններում, Արմեն Գալստյանը, Արսեն Աբրահամյանի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ «Եռաբլուր» պանթեոնի մուտքի մոտ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, որի ընթացքում Արմեն Գալստյանը ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին:

Նրանք թույլ չեն տվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն: