Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ Հռոմի ստատուտի վավերացումը սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության համար։ Այս մասին նոյեմբերի 17-ին հանրահավաքից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ թշնամանալու իրավունք չունեն։
«Բայց, չնայած Ռուսաստանից քո տնտեսական կախվածությանը, դու, միևնույննէ, փորձում ես Արևմուտքի թելադրանքով Մոսկվային դեմ գնալ։ Ես էլ Ռուսաստանին շատ հարցեր ունեմ Ղարաբաղի հարցով, բայց այս հարցերն այսպես չեն լուծվում։
Չէ” որ հենց Ելցինի ժամանակ Ռուսաստանի դիրքորոշման շնորհիվ էր, որ 1992 թվականի մայիսին Շուշիի ազատագրումից հետո կանխվեց Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա»,- ընդգծել է նա։
Ըստ Շարմազանովի, ՀԱՊԿ-ն արդյունավետ աշխատել է 30 տարի, և Հայաստանը միացել է դրան, քանի որ դրա մեջ էր նաև Ռուսաստանը։ Հենց վերջինս է 50 հազար տոննա զենք անվճար փոխանցել Երևանին, «Իսկանդեր»-ներ է տվել, ապահովել է հանգստությունը Թուրքիայի հետ սահմանին։
«ԵՄ-ն չի կարող նույնիսկ ապահովել Կիպրոսի տարածքի մի մասի օկուպացիայի վերացումը, էլ ո՞ւր մնաց Հայաստանի։ Աշխարհը գնում է տարածաշրջանայնացման։ Այս տարածաշրջանում երեք խոշոր խաղացող կա՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Նրանք հայտարարել են, որ դեմ են ոչ տարածաշրջանային ուժերի ներկայությանը»,- նշել է քաղաքական գործիչը։
Շարմազանովը կարծում է, որ Հայաստանին սպառնում է ուկրաինացում, ինչը նշանակում է վերածում հակառուսական ֆորպոստի, նոր հակառուսական ճակատի բացում, թշնամանք Ռուսաստանի հետ։
Սա կհանգեցնի ռազմական գործողությունների՝ նոր զոհերով և տարածքային կորուստներով, կարծում է քաղաքական գործիչը։
«Հետխորհրդային երկրներին, որոնք վերածվում են խաղալիքների ՆԱՏՕ-ի ձեռքում, կասկածելի ապագա է սպասվում։ Արևմուտքը չի թաքցնում, որ շահագրգռված է միայն նրանով, որ Հայաստանը դարձնի հակառուսական գործոն։ 100 տարի առաջ Հայաստանը նույնպես Արևմուտքի դաշնակիցն էր, և այն ժամանակ Թուրքիան գրավեց Հայաստանի տարածքները։ Նույնը կատարվում է հիմա։ Արցախը օկուպացված է, և Հայաստանի տարածքի մի մասը նույնպես օկուպացված է Ադրբեջանի կողմից, և միայն հիմա է ԱՄՆ-ն որոշել Բաքվին զենք չտալ։ Սա ցինիզմ չէ՞»,- եզրափակել է նա։



























