Կապան-Գորիս ճանապարհի 39-րդ կմ-ում, հոկտեմբերի 25-ին, ժամը 17-ի սահմաններում N զորամասի զրահամեքենան, ճամբարային հավաքներից զորամաս վերադառնալիս, դուրս է եկել բանուկ հատվածից, աջ կողմի վրա շրջվել, գլորվել դեպի ներքեւի ճանապարհահատված:
Վթարի հետեւանքով զրահամեքենայի ավագ, ավագ լեյտենանտ Արամայիս Հրաչիկի Սարգսյանը Գորիս քաղաքի հիվանդանոց տեղափոխելիս մահացել է: Սպան 28 տարեկան էր:
Զրահամեքենայի մեջ գտնվող մյուս 3 ժամկետային զինծառայողները` շարքայիններ 20-ամյա Գագիկ Մարգարյանը, 19-ամյա Արամ Ալոյանն ու Կարեն Պարոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ըստ զինվորական հոսպիտալի ներկայացրած տվյալների, զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում քր.օր.-ի 377 հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




























