Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հոկտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 7-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին` գոհունակությամբ նշելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ համագործակցության խորացող բնույթը:
Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ենթատեքստում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ շուրջ մեկուկես տարի առաջ մեկնարկած բանակցությունների մեկնարկից ի վեր լավ առաջընթաց է գրանցվել:
Առ այսօր Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 19 գլուխ:
Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը հանգամանալից քննարկել են համագործակցության տարբեր ձեւաչափերով կատարվող աշխատանքները եւ ուրվագծել ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:
Զրուցակիցները կարեւորել են հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվելիք «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը», ինչը կխթանի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:
Նույն օրը ԱԳՆ-ում մեկնարկել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների յոթերորդ լիագումար նիստը, որը բացել է նախարար Նալբանդյանը:
Այնուհետեւ տեղի է ունեցել աշխատանքային նիստը, որն հայկական կողմից վարել է ԱԳ փոխնախարար, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը:




























