ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի մասնակցելու կլիմայական գագաթաժողովին Դուբայում, հայտարարել է ամերիկացի պաշտոնյան անունը չնշելու պայմանով, տեղեկացրել է AFP-ն։
Բայդենի այցելությունների ժամանակացույցում Դուբայը նշված չէ, նշված են Կոլորադոն, հանդիպումն Անգոլայի նախագահի հետ եւ ազգային սուրբծնննդյան տոնածառի լույսերի վառումը։
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Բայդենը չի նախատեսել ներկա գտնվել COP28-ին այս շաբաթ կամ դեկտեմբերի 12-ի բանակցությունների ավարտին մոտ ժամկետում։
Պաշտոնյան տեղեկացրել է, որ Բայդենի վարչակազմը դեռ քննարկում է՝ ուղարկի՞ բարձրաստիճան պաշտոնյա Դուբայ, թե՞ ոչ։
Բայդենի որոշման պատճառը պաշտոնյան չի նշել։ Բայց Բայդենն արդեն ավելի քան մեկ ամիս կենտրոնացած է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի վրա, ինչպես նաեւ ձգտում է ընդգծել իր ներքին օրակարգը, քանի որ մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները մի տարուց քիչ ժամանակ է մնացել։





























