Ադրբեջանը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը Կազմակերպության քննարկմանը ներկայացնելու հարցը:

APA-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հոկտեմբերի 26-ին, Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում:

Հարցին, թե կարո՞ղ է Ադրբեջանի ընտրությունը որպես Անվտանգության խորհրդի  ժամանակավոր անդամ, ազդել կառույցում քննարկումների վրա, նախարարը պատասխանել է. «Ցանկացած նախաձեռնություն քննարկման դնելու համար հարկավոր է Խորհրդի հինգ մշտական անդամների աջակցությունը: Նրանցից երեքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են: Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել մշտական անդամների հետ: Կքննարկենք»:

Մամեդյարովն ասել է, թե Ադրբեջանը երկու անգամ նախագահելու է ՄԱԿ ԱԽ-ում` 2012թ. մայիսին եւ 2013թ. սեպտեմբերին:

Վաշաձեն իր հերթին շնորհավորել է Ադրբեջանին: «Ես շատ ուրախ եմ, որ Բաքվում եմ այս պատմական պահին: Ադրբեջանական դիվանագիտությունը մեծ աշխատանք է կատարել այս հաղթանակին հասնելու համար»- նշել է նա:

Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Ադրբեջանը երկու տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Նա իր պարտականությունները սկսելու է կատարել 2012թ. հունվարի 1-ից: