«Երեւանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում այսօր` հոկտեմբերի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի համերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը: Անդրադառնալով այսօրվա համերգին` ասուլիսի մյուս բանախոսը` լեգենդար ջութակահար Պ. Ցուկերմանը նշեց, որ ելույթ է ունենալու հրաշալի նվագախմբի հետ:

«Աշխարհը տնտեսական վայրէջք է ապրում, եւ մենք շատ մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի այն երաժշտությունը, որը ստեղծում ենք, պահենք ամենաբարձր մակարդակի վրա»,- նշեց Ցուկերմանը:

Ջութակահարների եկող սերնդի մասին նա շատ լավ արտահայտվեց` հավելելով, որ կան 10-15 հոգի, ովքեր շատ տաղանդավոր են, աշխատասեր եւ կշարունակեն իրենց ավանդույթները: Ցուկերմանը հիշեց նաեւ հայազգի թավջութակահար Պ. Չայկովսկիի անվան 14-րդ միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթող Նարեկ Հախնազարյանին` նշելով, որ նրան հրավիրել է Կանադայում իր հետ նվագելու:

Ի դեպ, նախորդ անգամ հայտնի ջութակահարը Հայաստան է այցելել 1,5 տարի առաջ եւ այս անգամ, նրա խոսքով, Երեւանը ավելի է գեղեցկացել եւ կենդանացել: Հարցին, թե ձեր հաղթանակներից ո՞րն է դժվարությամբ տրվել, նա նշեց, որ դեռ սպասում է այդ հաղթանակին: «1,5 տարվա ընթացքում ամենամեծ նվաճումն այն է, որ ես թոռնիկ եմ ունեցել, այժմ պապիկ եմ, Վերոնիկա է թոռնուհուս անունը, 7 շաբաթական է»,- նշեց լեգենդար ջութակահարը: