Ժամանակակից միջազգային դրությունն իր անվտանգ չլինելով համեմատելի է սառը պատերազմի ժամանակների հետ։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում։

«Սառը պատերազմի ժամանակ կային զսպումներ եւ հակակշիռներ, կար տրամադրվածություն մեծ պետություններում, մրցակցող ճամբարներում՝ ԱՄՆ-ում եւ Խորհրդային Միությունում, ՆԱՏՕ-ում եւ Վարշավյան պայմանագրում, կար տրամադրվածություն, որպեսզի զսպվի մրցակցությունը քաղաքական-դիվանագիտական շրջանակում։ Ոչ ԱՄՆ-ում, ոչ Խորհրդային Միությունում, որ սոցիալիստական ճամբարի երկրներում չէին նկատվում տեղի ունեցողի այսպիսի տագնապալի գնահատականներ եւ այսպիսի լուրջ մտահոգություններ չէին հայտնվում ապագայի համար, ֆիզիկական ապագայի՝ նկատի ունեմ»,- նշել է նա։

«Այժմ նման վախեր ամենուրեք եւ կողքիդ դրսեւորվում են կառավարական կազմակերպությունների շատ քաղաքական գործիչների ելույթներում, սա այլ իրավիճակ է»,- ավելացրել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ «այն ժամանակ սաղմնավորվել եւ բավական արագ զարգացել է սպառազինությունների վերահսկման երկխոսությունը, ձեռք են բերվել կոնկրետ արդյունքներ, եւ դա հանգստություն էր ներշնչում»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ նրա եվրոպական դաշնակիցները օգտագործում են աշխարհաքաղաքական ինժեներիայի գործիքների լայն հավաքածու։ «Դրանց մեջ է նաեւ հակամարտությունների հրահրումը, մենք դա տեսնում ենք ռուսաստանյան սահմանների ողջ պարագծով»,- հիշեցրել է Լավրովը։

«Արեւմուտքի կողմնակիցների ձեռքով արգելափակվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության, առաջին հերթին՝ նրա վեճերը կարգավորող մարմնի գործունեությունը։ Փլուզվել են համաշխարհային տնտեսական կապերի այնպիսի հիմնարար իրավական հիմքեր, ինչպիսին են ազատ մրցակցությունը եւ սեփականության անձեռնմխելիությունը»,- ավելացրել է նախարարը։