Միջազգային հանրությունը պետք է առաջիկա շաբաթներին ակտիվացնի ջանքերը՝ Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության և տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելու համար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը։

«Առանց քաղաքական և անվտանգության արդյունավետ սխեմաների, երբ հակամարտությունն ավարտվի, անհնար կլինի վերջ տալ բռնությանը և   նոր իրականություն ձևավորել», - ասել է Վենեսլանդը՝ Անվտանգության խորհրդի նիստում տեսակապով ելույթ ունենալիս: Նրա խոսքով՝ «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում միջազգային հանրությունը պետք է բանակցի Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ կառուցողական և գործնական քաղաքական լուծում մշակելու համար»։

Մերձավոր Արևելքի հիմնախնդրի համակարգողը նշել է, որ «թեև հիմա շատ բան պարզ չէ», սակայն մի շարք սկզբունքներ պետք է մնան անփոփոխ. նախ և առաջ՝ Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումների, ինչպես նաև Գազայի հատվածում պաղեստինցիների հետագա տառապանքների անթույլատրելիությունը:

Երկրորդ, նշել է նա, «Գազան կա և պետք է մնա ապագա պաղեստինյան պետության մաս, որտեղ և՛ Գազան, և՛ Արևմտյան ափը գտնվում են պաղեստինյան կառավարման ներքո»:

«Միակ կենսունակ ուղին այն ուղին է, որը համապատասխանում է ՄԱԿ-ի բանաձևերին, նախկինում ձեռքբերված համաձայնագրերին և միջազգային իրավունքին և տանում է դեպի երկու պետությունների սկզբունքի իրագործմանը»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։