Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։
Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից և համերգասրահի տոմսարկղից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ [email protected]:
Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Միջոցառման գործընկերներ՝ «Մուսա» գինի, «Չեսիֆայ» ընկերություն։
Միջոցառումն իրականացվելու է միջազգային «Chess and Jazz» ձևաչափով, որն առաջին անգամ է ներկայացվում հայ հանդիսատեսին։ Շախմատային սեանսը կմեկնարկի 18:00-ին. նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան շախմատ խաղալ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի և Էլինա Դանիելյանի հետ՝ միաժամանակ վայելելով ջազ և հայկական գինի։ Ապա 20:00 կմեկնարկի ջազ համերգը։
Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։ Երեկոյի հատուկ հյուր Ավագ Մարգարյանը հանդես կգա բլուլով և զուռնայով:
«Մենք և Մունք»-ը ԱրարատԲանկի երկրորդ համագործակցությունն է «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ։ Առաջինը կրում էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը։ Վերջինից ստացված ամբողջ հասույթը նույնպես ուղղվել է քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից շահառուների կրթավճարի տրամադրմանը։




























