Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է դրել Ուկրաինային զրահատեխնիկայի նախկինում հաստատված մատակարարման վրա։ Այս մասին հայտնում է Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի բուլղարական ծառայությունը՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով։

Նոյեմբերի 22-ին երկրի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինա 100 բուլղարական զրահափոխադրիչների անվճար առաքման մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթն օգոստոսին ստորագրել են Բուլղարիայի ՆԳՆ-ն և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Խորհրդարանական խմբակցությունների մեծամասնությունը կողմ է քվեարկել վավերացմանը, դեմ են եղել միայն սոցիալիստներն ու ռուսամետ վերածնունդը։

Հանձնվելիք զրահափոխադրիչները մոտ 40 տարեկան են և օգտագործվել են Բուլղարիայի իրավապահների կողմից 1980-ականների վերջին՝ երկրի թուրք բնակչությանը բռնի վերաբնակեցնելու արշավի ժամանակ։ ՆԳՆ-ն դրանք անվանում է հնացած։

Ռադևը, սակայն, իր վետոն հիմնավորել է նրանով, որ զրահամեքենաները կարող են օգտագործվել Բուլղարիայում, օրինակ՝ սահմանների պաշտպանության կամ բնական աղետների դեմ պայքարում։ «Ես առաջնորդվում եմ այն ​​համոզմունքով, որ Բուլղարիայի քաղաքացիների անվտանգությունը, առողջությունը և կյանքը պետք է լինի առաջնահերթություն»,- ասել է նախագահը։ Խորհրդարանը կարող է չեղարկել նրա վետոն և պնդել համաձայնագրի կատարումը։

Ուկրաինային զենքի մատակարարումները Բուլղարիայում բուռն քննարկումներ են հարուցել ռուսական ներխուժման սկզբից ի վեր։ 2022 թվականի դեկտեմբերին խորհրդարանն, ի վերջո, Ուկրաինային ռազմատեխնիկական օգնություն ուղարկելու վերաբերյալ համաձայնության եկավ։ Խոսքը, որպես կանոն, զենքի մասին է, որը, ինչպես նշվեց, բուլղարական բանակին ու անվտանգության ուժերին այլեւս պետք չեն։ Նախագահ Ռադևն ի սկզբանե, ինչպես «Վերածնունդ» կուսակցությունը և BSP-ն, դեմ էր Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելուն։