Կիեւի Պարչեւսկի շրջանային դատարանում  այսօր` հոկտեմբերի 29 –ին կայացել է Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկու եւ նրա տիկնոջ` հայազգի Ալինա Այվազովայի ամուսնալուծության գործի քննությունը:

Ինչպես տեղեկացնում է KP.ua-ը, ոչ Չերնովեցկին, ոչ Այվազովան չեն ներկայացել դատական նիստին,  նրանց շահերը ներկայացրել են փաստաբանները:

Դատարանում  հնչեցվել է Ալինա Այվազովայի միջնորդությունը` ամուսնու հետ հաշտվելու համար կես տարի ժամկետ  տրամադրելու վերաբերյալ:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Չերնովեցկին Այվազովայի կյանքի իմաստն է, որ նա ամուսնուն շատ է հարգում, գնահատում եւ հոգատարությամբ է վերաբերվում:  «Իմ ամուսինը` Լյոնյան` իմ կյանքի  ողջ իմաստն է», - փաստաթղթից մեջբերում է անում segodnya.ua-ն:

Արդյունքում դատարանը քաղաքապետի ընտանիքին  2  ամիս ժամկետ է  տրամադրել` հաշտվելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 28-ին:

Հետաքրքիրն այն է, որ հենց Այվազովան է նախաձեռնել ամուսնալուծության գործընթացը: